среда, 21 марта 2018 г.

Եթե մոմը սեղանի տակ չես պահում. (հոդված)


Քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի ծննդյան 54-ամյակի առիթով ընթերցում ենք նրա հայտնի հոդվածները՝ նկատելով այն փաստը, որ Հայրապետյանի խոսքը զարմանալիորեն շարունակում է արդիական մնալ նրա մահվանից 19 տարի անց:
Ստորև ներկայացնում եմ Տիգրան Հայրապետյանի հոդվածը՝

Եթե մոմը սեղանի տակ չես պահում աչք է ծակում: Եթե մոմը սեղանի տակ չես պահում, առավելևս գործող նախագահի կամ անբան ընդդիմության այն դատապարտում են մարելու: Եթե մոմը սեղանի տակ չես պահում, ուրեմն սիոնիստ ես, մասոն, հերետիկոս, աղանդավոր, կարևոր չէ ով, բայց հաստատ մի ինչ-որ բան, թե չէ ինչո՞ւ մոմը սեղանի տակ չես պահում: Գիտությունն ուսանում է, որ մեռնող հասարակությունների միակ հրամայականն է. «Եղիր այնպիսին, ինչպիսին մենք ենք, և մի ձգտիր ոչնչի, ինչը չի կարելի ուտել կամ խմել»: Ահա, այս երկաթյա տրամաբանությամբ զինված, մարիչները հոգու և գիտակցության մեջ մեխած շուրջ բոլորը խավար եք տարածում և դեռ հրճվում բա ինչո՞ւ նա մոմը սեղանի տակ չի պահում:
Ասված է. «Մի փորձիր քո Աստծուն», բայց հաստատ հայերի համար չէ ասված, թե ոչ երկու հազարամյակի ընթացքում գոնե մի կարճ ակնթարթ սթափության ու խոհեմության պահ կապրեին, թե ոչ ակադեմիական բարձունքի հասած տգիտությունը կցրվեր, և կկարողանային ըմբռնել, որ շարունակական աղետներից յուրաքանչյուրի ժամանակ հենց այն տասը լուսավոր մոմը չի հերիքել, որ երկինքը այս ժողովրդին ևս ապրելու արտոնություն տալու արդարացումն ունենար: Համազգային ինքնասպանության այս արմատավորված ավանդույթն արդեն անհաղթահարելի է թվում, իսկ հանգչող մոմերից բարձրացող ճիչը հիրավի ձայն բարբառոյ...:  Յունգը սա կոչում է ենթագիտակցության մակարդակում քարացած զանգվածային փսիխոզ, համեմատում է կենդանիների խմբային ինքնասպանության բնազդային դրսևորումների հետ և գտնում է, որ զանգվածն այս ցիկլից առանց արնաթողության դուրս գալ չի կարող, իսկ արնաթողության առաջին քայլ է դիտում փսիխոզին դիմադրող միավորների ոտնատակությունը հիվանդ մեծամասնության կողմից, քանզի ոչ միայն մարդկային հասարակություններում, այլև նույնիսկ կենդանական հոտերում բնությունը փսիխոզին դիմադրելու կոչված տարրեր է ստեղծում: Բայց մենք գերմանացի կամ ռուս չենք և երկու տասնամյակը մեկ միլիոնավոր զոհեր տալ չենք կարող, ու ոչ էլ միլիոնավոր քառակուսի կիլոմետրերով հայրենիք ունենք, որպեսզի մի մասի գնով փոխհատուցենք հոգեկան հիվանդությունից ինքնապաքինման անընդունակության դիմաց: Դիմադրության շարժումն անկասելի անկում է ապրում, իր շարքերից զոհեր բաշխելով հիվանդ մեծամասնության անթաքույց հրճվանքի ներքո: Այլևս «ով մեզ հետ չէ ապրելու իրավունք չունի» սկզբունքի մամլիչի մեջ պարաֆինացվում են նրանք, ովքեր գոնե տեսականորեն պետք է մոմը սեղանի տակ չպահողներ դառնային: Ողորմի Յունգին, և նրա հայրն էլ անիծած, քանզի ոչ մի ցանկություն չկա տասնամյակների հեռավորությունից կրկնել ծերուկի օրինակը և կորսված մարմինների ու հոգիների վրա ներողամիտ հայացք գցելով արձանագրելտեսաք, որ ես ճիշտ էի, իսկ չէ որ ես ձեզ նախազգուշացնում էի», ու ինքնաբավարարվածությունից հագեցած շարունակել 2 տեսական դատողություններ անել, որ այս և այս պայմաններում, այս և այս գործողությունների դեպքում զանգվածային փսիխոզը կարելի կլիներ բուժել, պահպանել հայրենիքն ու մարդկանց: Իսկ առայժմ, մանր խուլիգանության մեղադրանքով ոստիկանությունում չհայտնվելու ինքնարդարացմամբ ստիպված ես համակերպվել մետրոյի գնացքներում աջուձախ փակցված լպիրշության հետ, որ մեզ և մեր երեխաներին է մատուցում «Չորրորդ իշխանություն» թերթըԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՂԵՑԻԿ Է ՉԱՓԻ ՄԵՋ»: Լավ ընթերցեք այս նախադասությունը, մեծարգո տիկնայք և պարոնայք սա՞ է ձեր երկրի, ձեր պետականության, ձեր անկախության գիտակցությունը, և նրանում է ձևակերպված ձեր դատավճիռը, քանզի բոլորիդ աչքի առաջ վիրավորված են բոլոր մարգարեները, բոլոր առաքյալները, Հիսուսի արյունն ու երկինքն ընդհանրապես: Ընթերցե°ք, և գուցե վերջապես հասկանաք, որ մոմը սեղանի տակ չպահելը սոսկ քմահաճույք չէ:

Комментариев нет:

Отправить комментарий