пятница, 2 февраля 2018 г.

Թումանյանական ոճի մասին

«Մարոն» պոեմից հետո երբ կարդում ես Թումանյանի «Անուշ» և «Լոռեցի Սաքոն» ստեղծագործությունները, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ գրեթե նույն բանն ես կարդում, այն էլ՝ մի քանի անգամ: Սյուժետային առումով ամեն մեկն ունի իր հերոսները, իր պատմությունը, զարգացումն ու հանգուցալուծումը: Երեքն էլ անշուշտ տարբեր են, բայց ոճային առումով նույնն են: Գերիշխում է Թումանյանական գրելաոճը:
Իր  ստեղծագործություններում Թումանյանը գրեթե միշտ շեշտը դնում է իր ծննդավայրի՝ Լոռու բնության (լեռները, գետերը(հիմնականում Դեբեդը), դրանց գեղեցիկ դասավորվածությունը) նկարագրության վրա և գրեթե միշտ ստեղծագործությունը հենց այդպես էլ սկսվում է:
Ծեր Դեբեդը,
Սիրտը քըրքըրած,
Ջուրը փըրփըրած,
Քարոտ ափին,
Լեռ քարափին,
Դեռ ծեծումէ,
Հեծեծումէ․․․
(հատված «Անուշ» պոեմից)

Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց                         
Ժայռերը՝խորունկ նոթերը կիտած՝
Դեմուդեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ։
Նըրանց ոտքերում՝գազազած գալի՝
Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի,
Խելագար թըռչում քարերի գըլխով,
Փըրփուր է թըքում անզուսպ երախով,
Թըքում ու զարկում ժեռուտ ափերին,
Փընտրում է ծաղկած ափերը հին-հին,
Ու գոռում գիժ-գիժ.
-
Վա՜շ-վի՜շշ, վա՜շ-վի՜՜շշ․․․
(հատված «Լոռեցի Սաքոն» պոեմից)


         «Անուշ» պոեմի գլխավոր հերոսուհին՝ Անուշը, ինքն իրեն դժբախտ էր համարում, քանի որ հավատում էր Համբարձման տոնին իրեն բաժին հասած վիճակին: Մյուսներն էլ փարատում էին՝ ասելով, թե սուտ բան է: Անուշն ու Սարոն սիրում էին միմյանց, սակայն Անուշի եղբոր՝ Մոսիի և Սարոյի մենամարտելուց հետո, երբ Սարոն նրան գետնին է տապալում, Մոսին վճռական է տրամադրվում և որոշում սպանել նրան՝ կատարվածն իր համար չափազանց ամոթալի համարելով: Արդյունքում դժբախտացնում է քրոջը՝ տալով պոեմին ողբերգական ավարտ:
«Լոռեցի Սաքոն» ստեղծագործության հերոսը՝ հովիվ Սաքոն, ուշ գիշերով մենակ է մնում և կռվի մեջ մտնում դարձյալ ինքն իր հետ: Այդ ներքին կռիվն ու անհանգստությունը խառնում են մտքերն ու հոգին այն աստիճան, որ խեղճ հովիվը խելագարվում է ու դուրս պրծնում տնից՝ փնտրելու իր ներքին ներդաշնակությունն ու հանգստությունը:
Թումանայնն իր ստեղծագործություններում նկարագրում է ժամանակին բնորոշ բարքն ու վարքը, մտածելակերպը, հոգեբանությունն ու սովորույթները: Այս ամենը հանգուցալուծվում է գլխավոր հերոսների անդառնալի  կործանմամբ: Անուշն ինքնասպան է լինում՝ նետելով իրեն Դեբեդը, իսկ Սաքոն խելագարվում է:

Այն ինչ Դեբեդի ցալքեր են թըռչում,
Ալիքներն ելնում, ալիքներն ուռչում,
Խավարի միջին ծըփում են կայտառ՝
-Բըռնեցե՜ք, փախա՜վ Սաքոն խելագար․․․

              * * *

-Անո՛ւշ, ա՛յ աղջի՜, Անո՛ւշ, տո՛ւն արի.
Կանչում է մերը վերևից, կանչո՛ւմ.
Լո՜ւռ են ձորերը, լո՜ւռ են ահռելի,
Դուշման Դեբեդն է մենակ մըռընչում։
Վուշ-վո՜ւշ, Անո՜ւշ, վուշ-վո՜ւշ, քուրի՛կ,
Վո՜ւշ քու սերին, քու յարին,
Վուշ-վո՜ւշ,Սարո, վուշ-վո՜ւշ,իգի՛թ,
Վո՜ւշ քու սիրած սարերին...

Комментариев нет:

Отправить комментарий