вторник, 13 февраля 2018 г.

Նապոլեոն Բոնապարտ

Կարծիք կա, որ անհատները չեն կարող փոխել պատմության ընթացքը: Սակայն համաշխարհային պատմության մեջ եղել են անհատներ, որոնք դարակազմիկ գործեր են արել: Նրանցից է զորահրամանատար, Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտը: Ընդամենը 157 սմ հասակ. կանացիակերպ կազմվածք, թույլ մարմին, բայց ամեհի կամք ու անկոտրում նպատակասլացություն...
 Նապոլեոն Բոնապարտը ծնվել է 1769 թ. օգոստոսի 15-ին Կորսիկա կղզու Այաչո փոքրիկ քաղաքում: Նա աղքատ ազնվական Կառլո Բոնապարտի և Լետիցիա Ռամոլինոյի բազմանդամ ընտանիքում (13 երեխա են ունեցել) երկրորդ երեխան էր: Նապոլեոնի հայրը իրավաբան էր, Կորսիկայի պառլամենտի անդամ և Կորսիկայի պառլամենտի կողմից դեսպանորդ է նշանակվել Ֆրանսիայում: Նա իր հետ տարավ նաև ավագ որդիներին, որոնք Ֆրանսիա մեկնեցին ուսում ստանալու բաղձանքով:
1779 թ. Նապոլեոնն ընդունվում է Բրիենի կադետական դպրոցը: Նրա առաջադիմությունը դպրոցում ակնառու էր հատկապես մաթեմատիկա առարկայից և փիլիսոփայությունից: Սակայն դպրոցում երիտասարդ կադետը մեկուսի կյանք էր վարում, քանզի սովորող ազնվազարմ ֆրանսիացիներն այնքան էլ բարեհաճ չէին հայրենասեր կորսիկացու նկատմամբ: Շուտով աչքի ընկած առաջադիմության համար Նապոլեոն Բոնապարտին տեղափոխում են Փարիզի կադետական թագավորական դպրոց: Այստեղ երիտասարդ կորսիկացին նոր ոգևորությամբ է շարունակում ուսումն ու հարստացնում իր գիտելիքները:
Նրա աշխատասիրությունը տալիս է իր պտուղները, 1785 թ. նա ժամկետից շուտ ավարտում է դպրոցն ու տեղափոխվում Վալանս` շարունակելով ուսումն արդեն ֆրանսիական բանակի լեյտենանտի կոչմամբ: Բազմանդամ ընտանիքը կերակրելու հոգսը, սակայն, ընկնում է Նապոլեոնի ուսերին, և երիտասարդ զինվորականը լավ վարձատրվող աշխատանք որոնելով` իր ծառայություններն է առաջարկում ռուսական բանակին: Ռուսական բանակի շտաբում Նապոլեոնին ասում են, որ կարող է ծառայության անցնել իրենց մոտ պայմանով, որ պետք է մեկ աստիճանով կոչումազրկվի. այդպիսին էին ռուսական օրենքները: Եվ զայրացած Նապոլեոնը, դուրս գալով գեներալ-պորուչիկ Զաբորովսկովի մոտից, ասում է. «Ես իմ սուրը կվաճառեմ պրուսական թագավորին»:
Սակայն օտար երկրում ծառայություն անցնելու հարկը չեղավ: 1789 թ.` Ֆրանսիական հեղափոխության եռուն շրջանում, նա մեկնեց հայրենի Կորսիկա: Այստեղ շարժում էր սկսվել կղզին Ֆրանսիայից անկախ հռչակելու համար: Նապոլեոնը գրավիչ առաջարկ է ստանում` միանալ ազատագրական պայքարին: Սակայն ֆրանսիական հեղափոխությամբ խանդավառված երիտասարդ զինվորականը մերժում է և անմիջապես վերադառնում Ֆրանսիա` հեղափոխության բոցերի մեջ գտնելու իր բախտը:
 Եվ բախտը նրան ժպտաց: Ֆրանսիան հեղափոխության բոցերի և Անգլիայի դեմ պատերազմի մեջ էր: 24-ամյա Նապոլեոնը Տուլոն քաղաքի պաշտպանության համար ստանում է բրիգադի գեներալի զինվորական կոչում: Սակայն սև ամպեր են կուտակվում Նապոլեոնի գլխին: 1794 թ. հուլիսի 23-ի Տերմիդորի հեղաշրջումից հետո նրան պաշտոնաթող են անում: Մահապատժի է ենթարկվում Նապոլեոնի հովանավորը` Մաքսիմիլիան Ռոբեսպիերը: Դատ է բացվում նաև երիտասարդ գեներալի նկատմամբ: Բայց Նապոլեոնը կարողանում է պաշտպանվել և խույս տալ գիլյոտինից: Շատ չանցած` նրան վերականգնում են բանակում, որից հետո նա ճնշում է միապետականների խռովությունը: 1796 թ. գարնանը Նապոլեոնը մեկնում է Իտալիա որպես ֆրանսիական բանակի հրամանատար: Սա թերևս փրկություն էր երիտասարդ հրամանատարի համար, քանզի անընդհատ ներքաշվում էր ներքին դավադրությունների մեջ: Իտալիայում Նապոլեոնը փառքի է արժանանում: Մի քանի փայլուն ճակատամարտերում նա ջախջախում է ավստրիական ու սարդինական թագավորության բանակները և Իտալիայում հաստատում Ֆրանսիայի գերիշխանությունը: Իտալական արշավանքի արդյունքում Նապոլեոնի հեղինակությունը կտրուկ աճեց, նա դարձավ Ֆրանսիայի քաղաքական առանցքային դերակատարներից մեկը: Սակայն նրան ծանր փորձություն էր սպասում: Չկարողանալով Եվրոպայում հարված հասցնել Անգլիայի տիրապետությանը` Փարիզը որոշեց դա անել գաղութներում: Եվ Նապոլեոն Բոնապարտին հանձնարարվում է ձեռնարկել եգիպտական արշավանքը: Սկսվում է ծանր ու հոգնատանջ արշավանքը: Արդեն Եգիպտոսում ափհանման պահին ֆրանսիական բանակը քայքայվել էր ժանտախտի և մալարիայի պատճառով: Այսուհանդերձ, Նապոլեոնը տպավորիչ հաղթանակ տարավ Բուրգերի ճակատամարտում` ջախջախելով մամլուքների զորաբանակը: Բայցևայնպես, եգիպտական արշավանքը կատարյալ ձախողում էր Նապոլեոնի համար և օգտվելով առիթից, որ Ֆրանսիայում դարձյալ իշխանափոխություն է եղել, նա լքեց բանակն ու 1799 թ. հոկտեմբերին վերադարձավ Փարիզ: Փարիզում նա ձեռնամուխ եղավ պետական հեղաշրջման և նոյեմբերի 10-ին տապալելով Դիրեկտորիայի իշխանությունը` դարձավ Ֆրանսիայի կոնսուլ և իր ձեռքում կենտրոնացրեց երկրի իշխանությունը:
 Եվրոպայում սկսվեց Նապոլեոնի դարաշրջանը: Նա շարունակ պատերազմներ էր վարում Եվրոպայում և մեկը մյուսի հետևից ծնկի բերում Ֆրանսիայի թշնամիներին: Հատկապես տպավորչ հաղթանակ տարավ Մարենգոյի (1800 թ.) ճակատամարտում: Կարճ ժամանակում նա ամրապնդեց իր իշխանությունը` 1802 թ. դառնալով ցմահ կոնսուլ, իսկ 1804 թ. հռչակվեց Ֆրանսիայի կայսր: Շարունակելով հաղթական ճակատամարտերը Եվրոպայում, 1805 թ. Աուստերլիցի, 1806 թ. Էնայի և 1809 թ. Վագրամի ճակատամարտերում փայլուն հաղթանակներ տանելով` Նապոլեոնը նվաճեց ողջ կենտրոնական Եվրոպան: Սա Նապոլեոնի և Ֆրանսիայի փառքի գագաթնակետն էր: Նապոլեոնին մնում էր ծնկի բերել իր գլխավոր ախոյանին` Անգլիային, որի տիրապետությունը ծովում անհաղթահարելի էր թվում: Այդ նպատակին հասնելու համար Նապոլեոնը ձգտում էր դաշինք կնքել Ռուսաստանի հետ: Դաշինքը կայացավ, սակայն Նապոլեոնի ծրագրերը Անգլիայի հարցում հօդս ցնդեցին: Դեռևս 1805 թ. Տրաֆալգարի ծովամարտում անգլիական ծովակալ Հորացիո Նելսոնն ուղղակի ոչնչացրեց ֆրանսիական նավատորմը, ինչը ստիպեց Նապոլեոնին փոխել մարտավարությունն Անգլիայի դեմ: Եվ ահա 1807 թ. հուլիսի 7-ին Տիլզիտի պայմանագրով Նապոլեոնը կարողացավ Ռուսաստանի հետ հակաանգլիական ռազմական դաշինք կնքել: Ռուսաստանը միացավ ցամաքային բլոկադային, որ նախաձեռնել էր Նապոլեոնն Անգլիայի դեմ, և խզեց հարաբերությունները Ֆրանսիայի թշնամու հետ: Տիլզիտը նապոլեոնյան փառքի գագաթնակետը եղավ: Նա տիրապետում էր գրեթե ողջ Եվրոպայում: Իր ընկերներին և հարազատներին բազմեցրել էր եվրոպական գահերին, այդ թվում և իր փեսային` հայազգի Յոհակիմ Մյուրատին, որին բաժին էր հասել Նեապոլիտանիայի թագը: Բացառությամբ Անգլիայի` նրա հետ հաշվի էր նստում ողջ աշխարհը: Անգլիան մնաց այն ոսկորը, որն այդպես էլ խրվեց Նապոլեոնի կոկորդում: Ռուս-ֆրանսիական հարաբերությունները հետզհետե սրվում են, և Նապոլեոնը որոշում է կատարյալ դարձնել իր տիրապետությունը եվրոպական մայրցամաքում, նվաճել նաև Ռուսաստանը: 1812 թ. ֆրանսիական 650-հազարանոց մեծ բանակը` Նապոլեոնի հրամանատարությամբ, մտավ Ռուսաստան: Չնայած նախնական հաջողություններին և Մոսկվայի գրավմանը` Նապոլեոնի ռուսական արշավանքը տապալվեց: Մեկ տարի անց նրա բանակի մնացորդները` 30 հազար հոգի, խելակորույս փախան Ռուսաստանից: Կայսրն արագ նոր բանակ հավաքագրեց և մի քանի տպավորիչ հաղթանակներ տոնեց ռուս-գերմանական միացյալ զորքերի դեմ: Սակայն պատմության անիվն այլևս անշրջելի էր: Ալեքսանդր Առաջին կայսեր գլխավորությամբ դաշնակից բանակները մտան Փարիզ: Ստորագրելով գահից հրաժարվելու մանիֆեստը` Նապոլեոնը թույն ընդունեց: Բայց տարիների ընթացքում պահված թույնը կորցրել էր իր ազդեցությունը: Գալարվելով ողջ գիշեր` նա ողջ մնաց: Դաշնակիցները, պահպանելով Նապոլեոնի կայսերական տիտղոսը, նրան որպես տիրույթ տվեցին Էլբա կղզին, իսկ Ֆրանսիայում վերահաստատվեց Բուրբոնների հարստությունը:
 Սրանով Ֆրանսիայում հակասությունները չավարտվեցին: Հեղափոխական Ֆրանսիան չէր հանդուրժում Բուրբոնների վերադարձը, և հանձին Նապոլեոնի` շատերը տեսնում էին Ֆրանսիայի փառքը: Ահա 1815 թ. մարտի 1-ին Նապոլեոնը կրկին ափ դուրս եկավ Ֆրանսիայում և իր կողմը գրավելով ֆրանսիական բանակը` արագ երթով շարժվեց Փարիզ ու վերահաստատվեց գահին: Գրավելով կայսերական գահը` նա սուրհանդակներ ուղարկեց եվրոպական արքունիքներ` առաջարկելով խաղաղություն և դաշնակցություն: Սակայն եվրոպական գահակալները վախենում էին Նապոլեոնից ինչպես ժանտախտից: Նրանք միավորվելով` արշավեցին կայսեր վրա: Մի քանի հաղթանակներից հետո Նապոլեոնը 1815 թ. հունիսի 10-ին Վաթեռլոյի ճակատամարտում պարտվեց և գերեվարվեց անգլիացիների կողմից: Գահը գրավելուց 100 օր անց` 1815 թ. հունիսի 22-ին, նա կրկին հրաժարական տվեց և աքսորվեց Սուրբ Հեղինե կղզի: Նապոլեոնը մահացավ 1821 թ. մայիսի 5-ին (շատ ուսումնասիրողների կարծիքով` թունավորումից)` իր հետ տանելով նաև Ֆրանսիայի փառքը: Նապոլեոնի աճյունն ամփոփված է Փարիզի Հաշմանդամների տանը:
 Lինելով փառավոր զորահրամանատար` Նապոլեոն Բոնապարտը աշխարհին հայտնի է
նաև իր տարօրինակություններով: Նա օպերային արվեստի մեծ սիրահար էր, բայց երբեք չէր ծափահարում օպերայում և ուրիշներին էլ արգելում էր: Նա գերտոկուն անձնավորություն էր. օրական քնում էր երկու-երեք ժամ: Սակայն կյանքի մայրամուտին արդեն հոգնում էր հաճախ և քնկոտության պահեր էր ունենում:
Շատ է խոսվել նաև Նապոլեոնի կանանց մասին: Այդ վտիտ, փոքրամարմին միապետը նախանձելի հաջողություն ուներ կանանց շրջանում: Բայց Նապոլեոնի մեծ սերը Ժոզեֆինան էր, որի հետ ամուսնացավ և նրան կայսրուհու տիտղոս շնորհեց: Ժոզեֆինան չկարողացավ զավակ և գահաժառանգ պարգևել Նապոլեոնին, և նրանք բաժանվեցին: Դրանից հետո Նապոլեոնն ամուսնացավ ավստրիական արքայադուստր Մարիա Լուիզայի հետ, որը գահաժառանգ պարգևեց Ֆրանսիային: Բայց դա ընդամենը դիվանագիտական ամուսնություն էր` առանց սիրո և կրքի: Նապոլեոնի մյուս մեծ սերը լեհուհի Մարիա Վալևսկայան էր, որ 1810 թ. որդի պարգևեց կայսրին:

Комментариев нет:

Отправить комментарий