среда, 6 декабря 2017 г.

Ֆրանց Կաֆկա. «Դատավարություն»

Եթե մինչև Կաֆկայի «Դատավարություն» ստեղծագործությունը «Կերպարանափոխությունը» կարդացած չլինեի, ապա ծանոթ չլինելով նրա ոճին՝ դժվար թե ընկալեի այն: Իհարկե, ստեղծագործություններից յուրաքանչյուրը Կաֆկան յուրովի է գրել, բայց շատ զուգահեռներ կարելի է տանել դրանց միջև:
Դիտարկենք հենց ստեղծագործության սկիզբը. ինչպե՞ս է այն սկսվում: Գլխավոր կերպարը՝ Յոզեֆ Կ-ն, արթնանալով իր երեսնամյակի օրը, իմանում է, որ ձերբակալված է: Նույնը նաև «Կերպարանափոխության» մեջ էր. գլխավոր հերոսները արթնանում են և անակնկալի գալիս՝ տեսնելով, որ իրենց կյանքում մեծ ու անսպասելի փոփոխություն է եղել, որը, ի վերջո, քայլ առ քայլ նրանց տանում է կործանման:

Շուրջ մեկ տարի Կ-ն ապրեց մի գարշելի իրադրության մեջ. նա գիտեր, որ ձերբակալված է, բայց չգիտեր՝ ինչու։ Բոլորը գիտեին դրա մասին ու փուչ խորհուրդներ էին տալիս, իսկ նա սկսում էր օր օրի ավելի ու ավելի չվստահել մարդկանց: Նույն իրավիճակում էր նաև Գրեգոր Զամզան, և եթե ես Գրեգորի այդ վիճակը գնահատում էի ոչ թե ֆիզիկական, այլ հոգեբանական անկում, ապա նույնը կարող եմ ասել նաև «Դատավարության» համար: Կ-ին իր ներքին ձայնն էր խեղդում՝ իր խիղճը, նա ներսից կապանքների մեջ էր՝«ձերբակալված էր», անելանելի ու անբացատրելի կերպով խրվել էր մի ճահճի մեջ, որն օր օրի նրան ներքև էր տանում՝ դեպի անդունդը: Գուցե եթե կարողանար հանդիպել դատավորի հետ, եթե խոսեր նրա հետ, հնարավոր է՝ մի բան փոխվեր… Նույնը նաև Գրեգորի դեպքում էր. եթե ընտանիքի անդամները հասկանային նրան...
Այստեղ ներքին կռիվ է, ներանձնային կռիվ, քաոս, մութ ու մշուշոտ ներկա, ապագա ու անդառնալի անցյալը, որը սպանում է ներսից, կրծում է հոգիդ ու տանում կործանման:

Комментариев нет:

Отправить комментарий