пятница, 20 октября 2017 г.

Ա․Պ․Չեխով․«Չինովնիկի մահը» և «Պատյանով մարդը»

Երբ կարդում էի Չեխովի «Չինովնիկի մահը» պատմվածքը, մտածում էի, թե ուրիշ ո՞ր հեղինակի ստեղծագործության հետ կարելի է այն համեմատել, բայց երբ կարդացի Չեխովի հաջորդ պատմվածքը՝ «Պատյանով մարդը», միանգամից հասկացա, թե ինչքան զուգահեռներ կարելի է տանել նրա այդ երկու պատմվածքների միջև (իհարկե, հետո հասկացա, որ պատմվածքները կարելի է համեմատել և զուգահեռներ տանել նաև Մուրացանի «Առաքյալը» ստեղծագործության հետ)։ Ի վերջո, ինչի մասին են այս երկու, ըստ իս՝ որոշ սյուժետային գծերով իրար նման պատմվածքները։
«Չինովնիկի մահը»- Այն պատմում է էկզեկուտոր Իվան Դմիտրիչ Չերվյակովի մասին, թե ինչպես է նա «Կորնեվիլյան զանգերը» դիտելու ժամանակ փռշտում և միամտաբար թքում գեներալ Բրիզժալովի ճակատին։ Չերվյակովն իրեն վատ է զգում (դե, յուրաքանչյուր քաղաքավարի մարդ, իհարկե, իրեն վատ կզգար պատահածի համար, անկախ նրանից՝ դիմացինը գեներալ է, թե խանութի հասարակ աշխատող, և ներողություն կխնդրեր ու վերջ), այդ պահին ներողություն է խնդրում, բայց նա մեկ անգամով չի բավարարվում, գրեթե ամեն օր այցելում է գեներալի աշխատասենյակ և փորձում բացատրություն տալ, նույնիսկ որոշում է նամակ գրել։ Գեներալն ամեն անգամ կոպտում է չինովնիկին, իսկ նա մտածում է, թե Բրիզժալովը այդպես էլ իրեն չի ներել՝ առանց հասկանալու, որ գեներալին ուղղակի դուր չի գալիս այդ ներողությունների անվերջանալի շարանը։ Չերվյակովը այդ մտածմունքի մեջ մահանում է։

«Պատյանով մարդը»- Միրոնոսիցկոյի գյուղի ծայրին՝ տանուտեր Պրոկոֆիի մարագում, գիշերելու էին կանգ առել անասնաբույժ Իվան Իվանիչը և գիմնազիայի ուսուցիչ Բուրկինը։ Նրանք, նկատելով Պրոկոֆիի կնոջ՝ Մավրայի տարօրինակ պահվածքը, սկսում են զրուցել նրանից, և Բուրկինը հիշում է իրենց հունարենի ուսուցչին՝ Բելիկովին, որն աշխատում էր գիմնազիայում։

Նա մի տարօրիանկ, կասկածամիտ, փակ՝ ինքն իր պատյանի մեջ ապրող անձնավորություն էր։ Անկախ եղանակից, նա միշտ տնից դուրս էր գալիս կրկնակոշիկներով, վերարկուով ու անձրևանոցով։ Միշտ այցելում էր ընկերներին, մի որոշ ժամանակ լուռ նստում էր նրանց տանը և հեռանում։ Նա մտածում էր, որ պարտավոր է այցելել, թե չէ ինչ կմտածեն մարդիկ։ Վարագույրի տակ էր քնում, նույնիսկ ամենատաք եղանակին (մահճակալը վարագույրի տակ էր պահում)։ Ամեն ինչին կասկածանքով էր մոտենում ու անընդհատ կրկնում էր՝ «մի բան դուրս չգա»։ Նա կարծում էր, որ հեծանիվ քշելը ամոթ է…
Գիմնազիայի բոլոր աշխատողները՝ սկսած դիրեկտորից, ուզում էին նրան ամուսնացնել նոր եկած պատմության ուսուցչի քրոջ՝ Վարենկայի հետ։ Բելիկովն էլ էր դրանում համոզվում, բայց ամեն օր մտածում ու ինքն իրեն կրկնում էր, թե ամուսնությունը շատ լուրջ բան է, պետք է դեռ մտածել։ Մի օր Կովալենկոների տնից դուրս գալիս ( վիճել էր Վարենկայի եղբոր հետ) գլորվում է աստիճաններով ու վայր ընկնում։ Վարենկան տեսնում է ու բարձրաձայն ծիծաղում։ Բելիկովը մտածում է, թե ինչ ամոթ է, ամբողջ գիմնազիան, ամբողջ քաղաքը կսկսի խոսել դրա մասին ու կծաղրի իրեն։ Գնում է տուն ու օրերով տնից դուրս չի գալիս։ Մի քանի օր հետո Բելիկովը մահանում է։ Նրա թաղման օրն այնքան մռայլ եղանակ է լինում, որ բոլորը կրկնակոշիկներով ու անձրևանոցներով են լինում։
Բուրկինն ասում է, թե Բելիկովի մահից հետո ոչինչ չփոխվեց, տիրում էր նույն մռայլությունն ու միապաղաղությունը։ Ո՞րն էր պատճառը, ի՞նչն էր խոչընդոտ հանդիսանում… Բելիկովը միակ «պատյանով մարդը» չէր, դեռ այնքան պատյանով մարդիկ կային։ Եվ եթե զուգահեռներ տանենք ժամանակաշրջանների միջև, ապա հիմա էլ է նույնը։ Հիմա էլ, ցավոք, մեր հասարակության մեջ կան այդպիսի «պատյանով մարդիկ»։


Չեխովի երկու պատմվածքների հերոսներն էլ՝ և՛ Բելիկովը, և՛ Չերվյակովը, «փակ, պատյանով մարդիկ» էին, որոնք վախենում էին շրջապատի կարծիքներից, վախենում էին վճռական որոշումներ կայացնելուց, որոնք այդպես էլ չկարողացան ձերբազատվել իրենց «կոմպլեքսներից» և իրենց վատ սովորությունների պատճառով ներքուստ սպանեցին իրենք իրենց։ 

Комментариев нет:

Отправить комментарий